Երբ վթարի ժամանակ վարորդներից մեկը կտրուկ արգելակել է, մյուսը՝ հարվածել հետևից. ո՞վ է մեղավոր

Երբ վթարի ժամանակ վարորդներից մեկը կտրուկ արգելակել է, մյուսը՝ հարվածել հետևից. ո՞վ է մեղավոր

Վարորդների մեջ տարածված տեսակետ կա, որ եթե իրենք վթարի ժամանակ չեն եղել ավտոմեքենայի հետևից հարվածողը, այլ ընթացել են առջևից, միշտ մեղավոր է այն վարորդը, ով հարվածել է հետևի կողմից: Վթարների ժամանակ վարորդների մեղավորության և հանդիպող այլ խնդիրների մասին ենք զրուցել «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արման Ստեփանյանի հետ:

«Նման տեսակետը գործող օրենսդրության որևէ իրավանորմից չի բխում: Շատ կարևոր է իմանալ, որ վթարի մեջ անձի մեղավորության հարցը լուծվում է համապատասխան հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառման արդյունքում, այսինքն՝ պատահարի մեջ  վարորդների մեղավորությունը որոշվում է փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա, եթե, իհարկե, դատական գործ չկա հարուցված, և մեղավորություն որոշելու համար բացառապես էական չէ, թե բախումը մեքենայի որ կողմից է տեղի ունեցել»,-ասաց փաստաբանը:

Շատ հաճախ վարորդները, ստանալով փորձագետի եզրակացությունն անակնկալի են գալիս. կարծում էին՝ մեղավոր չեն, սակայն փորձագետներն այլ եզրակացության են եկել.

«Անհրաժեշտ է պարզապես տարանջատել երթևեկության կանոն խախտելու և այդ խախտման հետևանքով վթար առաջացնելու հանգամանքները, այսինքն միշտ չէ, որ երթևեկության կանոնի խախտումը հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարի, վարորդներին շփոթեցնողը հենց այս երկու տարբեր հանգամանքներն իրարից չառանձնացնող տեսակետն է,-ասաց Արման Ստեփանյանը և հավելեց,-օրինակ՝ դիտարկենք մի դեպք, երբ միմյանց են բախվել երկու մեքենա, որոնցից առաջինը կտրուկ արգելակել է, իսկ երկրորդը հետևից հարվածել:

Համաձայն ՃԵԿ 72-րդ կետի՝ վարորդներին արգելվում է կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար, իսկ համաձայն ՃԵԿ 62-րդ կետի՝ վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախվելուց: Ստացվում է, որ ունենք իրավիճակ, երբ ըստ ճանապարհային երթևեկության կանոնների և ըստ վթարի նախնական տվյալների հնարավոր է, որ երկու մեքենաների վարորդներն էլ երթևեկության կանոն խախտած լինեն, դեռ ավելին՝ չի բացառվում, որ առջևից ընթացող մեքենայի վարորդը խախտած լինի ճանապարհային երթևեկության բնագավառի այլ օրենսդրության դրույթներ:

Հետևաբար, քանի դեռ չի պարզվել, թե որ մեքենայի վարորդն է խախտել երթևեկության կանոնները և այդ խախտումներից ո՞րն է անմիջական վթարի առաջացման պատճառը հանդիսացել, որևէ իրավաչափ կանխավարկած գործել չի կարող: Այս դեպքում ակնհայտ է, որ «հետևից խփողը միշտ մեղավոր է» կանխավարկածն անհիմն է»:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով