Ռուզաննա Հողմրցյանը 28 տարեկան է։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ հագուստի մոդելավորման բաժինը։ Այս ընթացքում ստեղծել է իր փոքր, բայց յուրահատուկ զգեստների հավաքածուն։
Թե ինչու է նա հիմա ավելի քիչ ժամանակ հատկացնում հագուստի մոդելավորմանը, նա պատասխանեց, որ մասնագիտությամբ իրեն ավելի շատ նկարիչ-իլյուստրատր է զգում։ Ժամանակի ընթացքում կարելու ու նկարելու ուղղությունը մի քիչ փոխվել է, սկսել է ուսումնասիրել թվային աշխարհը, հիմա համակարգչի միջոցով իլյուստրացիաներ է նկարում։ Նպատակ ունի Թումանյանից մինչև Անդերսենի հեքիաթների գրքային իլյուստրացիաները ստեղծել իր պատկերացմամբ, ու ինչու ոչ
նաև անիմացիոն տարբերակը։
Այս ամենին զուգահեռ ուսումնասիրում է մարդկային էմոցիաները, թե ինչպես է փոխվում
ամեն մի հարթություն՝ գիծ, լույս ու ստվեր, երբ մենք տխրում ենք՝ բղավում կամ ծիծաղում։ Հիմնականում աշխատում է ածուխով ու տուշով, և նկարներում էլ փորձում է այդ տրամադրությունը փոխանցել գծի կամ էմոցիաների միջոցով։
Բայց այս ամենով նա չի սահմանափակվում, նաև տիկնիկներ է պատրաստում, ասեղնագործում է և լուսանկարում։
«Սիրում եմ լուսանկարել հատկապես ծառեր ու չորացած բույսեր, գժվելու գրաֆիկա ունեն, ինքս էլ հիմա բույսեր եմ աճեցնում»,- պատմում է Ռուզաննան։
Իր աշխատանքներից ստացված եկամտի մասին խոսեցինք, մեղմ ժպտաց և պատասխանեց.
«Հիմնականում նվիրում եմ, տիկնիկներից եմ վաճառել ու պայուսակներիցս, բայց հագուստների պատվերներ հիմնականում չեմ վերցնում. ժամանակատար են։ Այժմ աշխատում եմ ուսումնական կենտրոնում՝ դասավանդում եմ գրաֆիկ դիզայն և նկարչություն, այդ է պատճառը աշխատանքի հետ չեմ հասցնում»։
Որպես ոգեշնչման աղբյուր Ռուզաննան նախընտրում է երաժշտությունը։ Երգի և
երաժշտության շնորհիվ է, որ մարդ կարողանում է ճամփորդել իր ենթագիտակցություն, հայտնաբերել նոր կամ մոռացված զգացմունքներ։
Ճանաչե՛նք մեր երիտասարդ տաղանդներին միասին։
Մելանյա Համբարձումյան