Ռազմական դրության ժամանակ հավաքներին մասնակցելու համար մի շարք քաղաքացիներ ենթարկվեցին վարչական պատասխանատվության, տուգանվեցին 400 000-ից մինչև 700 000 ՀՀ դրամի սահմաններում:
Արդյոք քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը տվյալ պարագայում եղել է բացառապես օրինական, կա՞ն իրավիճակներ, որտեղ խախտվել են անձի իրավունքները և, եթե այո, որն է տվյալ դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու ճանապարհը: Այս և այլ հարցերի մասին ենք զրուցել «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ:
«Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարչական վարույթի ընթացքում խախտվում են վարույթի մասնակիցների իրավուքները, որն էլ հիմք է կայացված վարչական ակտի անվավեր ճանաչման համար,-ասաց փաստաբանը և մանրամասնեց,- յուրաքանչյուր դեպքում, երբ վիճարկվում է թե՛ վերադասության, և թե՛ դատական կարգով, վարչական իրավախախտման կատարման ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, այլ ոչ թե քաղաքացին: Դեռ ավելին վարչական վարույթի շրջանակներում գործում է հավաստիության կանխավարկածը, այսինքն՝ փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի:
Օրինակ, եթե քաղաքացին, որը վարչական պատասխանատվության է ենթարկվել հավաքին մասնակցելու համար, հայտարարել է, որ ինքը որևէ հավաքի չի մասնակցում, այլ պարզապես գնացել է դեղատուն որևէ դեղ գնելու նպատակով, ապա նշված պնդումը համարվում է ճիշտ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել վարչական մարմնի կողմից»:
Փաստաբանը նշեց, որ այս պահին բազմաթիվ ակտեր են բողոքարկել թե՛ վերադասության և թե դատական կարգով, սպասում են դրական արդյուքների:
«Ռազմական դրության ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ տուգանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար: Նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններում, ինչպես նաև դրանց հիման վրա կայացված վարչական ակտերում շատ են դեպքերը, երբ օրենքով սահմանված կարգը խախտվել է վարչական մարմնի կողմից, որոնց կապակցությամբ հնարավոր է բողոքներ ներկայացնել վերադասության կարգով կամ դատական կարգով և հասնել արդյունքի, մասնավորապես վարչական ակտի անվավեր ճանաչման տեսքով»,-ասաց փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Նրա խոսքով՝ վարչական վարույթի ընթացքում քաղաքացու իրավունքներն առավել պաշտպանված լինելու համար նպատակահարմար է վարչական մարմին ներկայանալ փաստաբանի հետ միասին: Հիշեցնենք, որ վարչական ակտը վերադասության կարգով կարող է բողոքարկվել այն ստանալուց հետո մեկամսյա, իսկ դատարան՝ երկամսյա ժամկետում պահից, երկամսյա ժամկետում: Ուշադրություն դարձնենք, որ վարչական ակտի վճարված լինելը որպես այդպիսին անձին չի զրկում բողոք ներկայացնելու հնարավորությունից, ինչպես վերադասության կարգով այնպես էլ՝ դատական կարգով»,-ասաց փաստաբանը:
Հրաչուհի Ալմաստյան