Պատահարի ժամանակ սթրեսային վիճակում գտնվող վարորդը կարո՞ղ է խախտել ԱՊՊԱ ընկերությանը դիմելու ժամկետը

Պատահարի ժամանակ սթրեսային վիճակում գտնվող վարորդը կարո՞ղ է խախտել ԱՊՊԱ ընկերությանը դիմելու ժամկետը

Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ, մարդիկ կախված ստեղծված իրավիճակից, հաճախ մոռանում կամ առաջնային չեն համարում զանգահարել և պատահարի մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը: Պատճառներից կարող են լինել պատահարի մասնակից վարորդների շփոթմունքը, վախը, խուճապը, անհանգստությունը և այլն:

ԱՊՊԱ մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 78-րդ կետի համաձայն՝ պատահարի մասնակից վարորդները պետք է պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում զանգահարեն և տեղեկացնեն պատահարի մասին այն ապահովագրական ընկերությանը, որի հետ կնքվել է համապատասխան ԱՊՊԱ պայմանագիրը, նման պարտավորություն կրում է ինչպես անմիջապես մեքենան վարած անձը, այնպես էլ՝ այդ մեքենայի սեփականատերը (եթե մեքենան վարել է ոչ սեփականատերը):

ՀՀ օրենսդիրը նախատեսել է նաև սահմանված ժամկետում տեղեկացնելու պահանջից որոշ բացառություններ, որոնցից է, օրինակ, սահմանված ժամկետում տեղեկացնելու անհնարինությունը: Ի վերջո, արդյո՞ք պատահարի հետևանքով շփոթված, սթրեսային վիճակում հայտնված լինելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ տեղեկացման անհնարինությունը փաստելու և որոշ բացասական հետևանքներից խուսափելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է այս խնդրին՝ թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով 17.07.2015թ. որոշման մեջ՝ մասնավորապես արձանագրելով, որ բացառապես սուբյեկտիվ գործոնների առկայությունը, որոնցից են սթրեսային վիճակում գտնվելը, տուժողի կյանքի և առողջության վերաբերյալ անհանգստությունը, գերլարված և գերհուզական հոգեվիճակում հայտնվելը, դեռևս բավարար չէ ԱՊՊԱ ընկերությանը` պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացման անհնարինության հանգամանքի առկայությունը հիմնավորված համարելու համար:

Ստացվում է, որ անհնարինությունը չպետք է պայմանավորված լինի բացառապես սուբյեկտիվ գործոններով, և անկախ այդպիսի գործոնների առկայությունից՝ անձը պարտավոր է պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում զանգահարել և տեղեկացնել ԱՊՊԱ ընկերությանը:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ ընդհանուր պայմանների նոր խմբագրությամբ սահմանվել են նաև այս ընդհանուր կանոնից ևս մի քանի բացառություններ, և ըստ նոր փոփոխությունների՝ պատահարի հետևանքով տուժողի մահվան դեպքում՝ տեղեկացնելու պարտավորությունը կարող է կատարվել պատահարի պահից 30 օրվա ընթացքում, իսկ եթե մահ առկա չէ, սակայն տուժողի առողջությանը վնաս է պատճառվել, ապա պատահարի պահից 3 օրվա ընթացքում, պայմանով, որ տվյալ պատահարի հետևանքով առողջությանը վնաս պատճառած անձը պատահարի պահից 3 ժամվա ընթացքում տվյալ պատահարի հետևանքով ստացած վնասվածքների հետ կապված՝ դիմել է բժշկական հաստատություն։

Արման Ստեփանյան
«Ղազարյան ընդ փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով