Անօրինական հրաման կատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում այն կատարողի, թե՞ հրամանն արձակողի նկատմամբ

Անօրինական հրաման կատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում այն կատարողի, թե՞ հրամանն արձակողի նկատմամբ

Անօրինական հրաման կատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում այն կատարողի, թե՞ հրամանն արձակողի նկատմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն արձակած անձը»:

Այսպիսով, հրամանի կամ կարգադրության պարտադիր լինելը օրենքով պաշտպանվող շահերին վնաս հասցնող արարքի իրավաչափության կարևորագույն պայմաններից է: Բնականաբար, հրամանը կամ կարգադրությունը պետք է տրվեն դրա համար լիազորված անձի կողմից սահմանված ձևով ու կարգով: Կատարման համար պարտադիր կարող է համարվել միայն օրինական հրամանը կամ կարգադրությունը: Հրամանը կամ կարգադրությունը համարվում է օրինական, եթե այն տրված է հրաման կամ կարգադրություն տվողի իրավասության շրջանակներում, սահմանված կարգի և ձևի պահպանմամբ: Բայց եթե նույնիսկ նշված պայմանները պահպանված են, հրամանը կամ կարգադրությունն անօրինական կհամարվեն, եթե դրանցում առկա է իրավախախտում կամ հանցանք կատարելու պահանջ:

Այսպիսով, օրենքով պաշտպանվող շահերին վնաս հասցնելըª ի կատարումն օրինական հրամանի կամ կարգադրության, բացառում է արարքի հանցավորությունը և հրամանը կամ կարգադրությունը կատարողի քրեական պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է անօրինական հրամանի կամ կարգադրության կատարմանը, ապա վերջինս բացառում է կատարողի քրեական պատասխանատվությունը այն դեպքում, երբ նա չի գիտակցել դրա հակաօրինական, հանցավոր բնույթը:

Քրեական օրենսգրքի հոդված 47-ի առաջին մասի համաձայնª նման դեպքերում պատասխանատվություն է կրում հրաման կամ կարգադրություն արձակած անձը:

Վերջինս պատասխանատվության է ենթարկվում որպես հանցանքը կատարող (միջնորդավորված կատարում): Բացի այդ, նա կարող է պատասխանատվության ենթարկվել նաև պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման համար: Օրենսգրքի հոդված 47-ի երկրորդ մասի համաձայն.

«Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կա-տարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով՚: Սա նշանակում է, որ եթե հրամանի կամ կարգադրության անօրինական լինելն ակնհայտ է, այսինքնª կատարողը գիտակցում է դրանց անօրինականությունը, ապա օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու համար նա ենթակա է քրեական պատասխանատվության որպես տվյալ հանցանքը կատարող: Նման դեպքերում անօրինական հրաման կամ կարգադրություն տվող անձը քրեական պատասխանատվության կենթարկվի որպես հանցագործության կազմակերպիչ կամ դրդիչ:

ՀՀ քրեական օրենսգրքի գլուխ 32-ում (Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ) քրեական պատասխանատվություն է նախատեսվում պետի հրամանը չկատարելու համար (հոդված 356):

Հրամանը կամ կարգադրությունը չկատարելը իրավական հետևանքներ կարող է առաջացնել նաև քաղաքացիական ծառայության մեջ: Նման պայմաններում անչափ կարևոր նշանակություն է ստանում քրեական օ-րենսգրքի հոդված 47-ի երրորդ մասում ձևակերպված նորմը, համաձայն որի.

«Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»:

Այս նորմը վերացնում է այն երկակի վիճակը, որում կարող են հայտնվել հրաման կամ կարգադ-րություն կատարողներըª իրենց տրված ակնհայտ անօրինական հրամանի կամ կարգադրության կապակցությամբ: Հոդված 47-ի երրորդ մասում ամ-րագրված նորմը թույլ է տալիս անձին բացահայտորեն չկատարել անօրինական հրամանը կամ կարգադրությունըª առանց վախենալու իր համար անբարենպաստ հետևանքներից:

Ընդ որում, անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է ոչ միայն քրեական, այլև յուրաքանչյուր այլ տեսակի պատասխանատվություն: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ որոշ դեպքերում ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը կատարողի համար կարող է ծայրահեղ անհրաժեշտության վիճակ ստեղծել: Օրինակª պետը զենքի գործադրման սպառնալիքով հարկադրում է ենթակային կատարել ակնհայտ անօրինական հրաման կամ կարգադրություն: Նման դեպքերում հրամանը կամ կարգադրությունը կատարողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե պահպանվում են ծայրահեղ անհրաժեշ-տության իրավաչափության պայմանները:

Երեմ Դավթյան
«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով