Ի՞նչ պետք է իմանալ՝ մինչ երաշխավոր դառնալը. հարցազրույց փաստաբանի հետ

Ի՞նչ պետք է իմանալ՝ մինչ երաշխավոր դառնալը. հարցազրույց փաստաբանի հետ

Երաշխավոր, պարտապան, պարտատեր հարաբերությունների մասին ենք զրուցել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արտուշ Ավագյանի հետ:

Նշենք, որ շատ դեպքերում, քաղաքացիները, ստանձնելով երաշխավորի դերը, չեն գիտակցում դրա հետ կապված պատասխանատվության կարևորությունը:

-Պարո՛ն Ավագյան, շատ են հանդիպում դեպքեր, երբ անձը դառնում է երաշխավոր՝ չիմանալով պայմանագրով սահմանված իր պարտավորությունների և պատասխանատվության մասին: Կցանկանայի մանրամասնեք՝ նաև ով է երաշխավորը, երբ է կարիք առաջանում երաշխավոր ունենալու:

-Նախ և առաջ նշեմ, որ երաշխավորության ինստիտուտն ուղղված է պարտատիրոջ առջև պարտապանի պարտավորությունների կատարման ապահովմանը: Երաշխավորն այն անձն է, ով երաշխավորության պայմանագրով, այլ անձի՝ պարտատիրոջ առջև, պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Քիչ չեն հանդիպում դեպքեր, երբ անձը կնքում է երաշխավորության պայմանագիր և ստանձնում է որոշակի պայմանագրային պարտավորություններ, սակայն, ընդհանուր առմամբ, տեղեկացված չէ կամ շատ քիչ է տեղեկացված երաշխավորության պայմանագրով իր ունեցած իրավունքների և ստանձնած պարտավորությունների մասին:

Որպես պրակտիկ լայն տարածում ունեցող օրինակ կարելի է բերել վարկային իրավահարաբերությունները, երբ անձը դիմում է վարկատուին (բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը) որոշակի գումարի չափով վարկ ստանալու համար, սակայն վարկատուն, ուսումնասիրելով ներկայացված տվյալները, գտնում է, որ պահանջվող գումարը տրամադրելու համար անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ՝ գումարը ստանալուց հետո սահմանված ժամկետներում այն վերադարձնելու կապակցությամբ և որպես այդ պարտավորության ապահովման միջոց, ընտրում է երաշխավորությունը և այլ անձանց հետ կնքում երաշխավորության պայմանագիր, որի ուժով վարկատուն իրավունք է ձեռք բերում հիմնական պարտապանի՝ վարկը ստացողի (վարկառուի/փոխառուի), կողմից պարտավորությունը չկատարելու՝ գումարը (ներառյալ հաշվեգրվող տոկոսագումարները) սահմանված ժամկետում չվերադարձնելու պարագայում, այդ գումարի վերադարձման պահանջ ներկայացնել նաև երաշխավորին:

-Երբ պարտապանը հրաժարվում է իր՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումից, արդյոք պատասխանատվության ամբողջ բեռը կրում է երաշխավորը:

-Հնչեցված հարցադրմանը միանշանակ պատասխանել այո կամ ոչ հնարավոր չէ, քանի որ առաջացած յուրաքանչյուր կոնկրետ իրավահարաբերություն, նմանատիպ այլ իրավահարաբերությունների հետ ունեցած շատ ընդհանրությունների հետ մեկտեղ, ունի նաև որոշակի առանձնահատկություններ, որոնք կարգավորվում են կողմերի միջև կնքված երաշխավորության պայմանագրով, որով կողմերը կարող են նախատեսած լինել երաշխավորի պատասխանատվությունն ինչպես ամբողջ ծավալով՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, այնպես էլ դրա մի մասով, հետևաբար առաջադրված հարցի պատասխանը ընդհանրական տալ հնարավոր չէ և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել կողմերի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը:

-Ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված երաշխավորի համար:

-Երաշխավորի համար կարող է սահմանվել ինչպես համապարտ պատասխանատվություն, այնպես էլ լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն:

Օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնել ինչպես հիմնական պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ՝ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ՝ պարտքի մի մասով:

Երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը կարող է նախատեսվել միայն օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով երաշխավորի պատասխանատվությունը կրում է սուբսիդիար բնույթ, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանված է պայմանագրում կամ երաշխավորին պահանջի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ պայմանագրային դրույթների կարգավորումից հետևում է, որ այն այդպիսին է: Եթե երաշխավորի համապարտ պատասխանատվության պարագայում պարտատերը պահանջը կարող է ներկայացնել ինչպես հիմնական պարտապանին, այնպես էլ՝ երաշխավորին միասին, ապա սուբսիդիար պատասխանատվություն սահմանված լինելու պարագայում, մինչև պահանջները երաշխավորին ներկայացնելը, պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին:

-Իսկ եթե նույն պայմանագրով երաշխավորը ոչ թե մեկն է այլ մի քանիսն են, նրանք նույն պատասխանատվությունն են կրում:

-Համատեղ երաշխավորություն ստանձնած անձանց պարագայում նույնպես  գործում է համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ վերջինները պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե կողմերի միջև կնքված երաշխավորության պայմանագրով չի նախատեսվել սուբսիդիար պատասխանատվություն:

-Ինչ դատական պրակտիկա կա ձևավորված ՀՀ-ում՝ երաշխավորներից գումարներ բռնագանձելու կապակցությամբ:

-ՀՀ ամբողջ դատական պրակտիկայի վերաբերյալ ինչ-որ դիրքորոշում չեմ կարող արտահայտնել, քանի որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան վերլուծական աշխատանքներ կատարել, որով զբախվում են համապատասխան վերլուծությունների մասնագետները, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իմ ունեցած դատական պրակտիկային, այդ մասով կարող եմ նշել, որ երաշխավորության իրավահարաբերություններ հիմնականում հանդիպում են վարկային պարտավորությունների ապահովման դեպքերում: Վարկատուների կողմից ներկայացված հայցերով, դատարանները մինչև 2.000.000 ՀՀ դրամ հայցագին ունեցող գործերը քննում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պարզեցված վարույթի կարգով, որի արդյունքում, հիմնականում վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ և վճիռ է կայացվում հայցը բավարարելու մասին, որի եզրափակիչ մասը շարադրվում է այնպես, ինչպես հայցվորի կողմից հայցադիմումով ներկայացվել էր պահանջը, որն իր մեջ ներառում է նաև երաշխավորից դատական ծախսի բռնագանձումը: Երաշխավորից գումարի բռնագանձման, հատկապես դատական ծախսերի բռնագանձման, հարցին անդրադառնալով, կցանկանայի նշել ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված նախադեպային որոշումներից մեկը, որտեղ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է երաշխավորի մոտ համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվության ծագման հիմքերին և այդ պատասխանատվության ծավալին՝ նշելով, որ. «10.02.2010 թվականի թիվ 324900 և 10.02.2010 թվականի թիվ 324901 երաշխավորության պայմանագրերի համաձայն` երաշխավորները պարտավորվել են իրենց բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) պատասխանատվություն կրել Բանկի առջև` վարկառուի կողմից 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 պայմանագրով ստանձնած պարտավորությունները (այն է` պարտավորության (վարկի) գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտավորությունը) չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Վերը նշված պայմանագրային դրույթով ըստ էության սահմանվել է երաշխավորների պատասխանատվության ծավալը` այն սահմանափակելով վարկի գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտականությամբ, մինչդեռ ստորադաս դատարանները, հաստատված համարելով երաշխավորների լրիվ ծավալով պատասխանատվության փաստը, վերջիններիս վրա դրել են նաև դատական ծախսերը կրելու պարտականություն, ինչը չի բխում նշված պայմանագրային դրույթի կարգավորումից»:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով