«Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության հիմնադիր, «Երազանքների մոլորակ» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ, Armenian National Association (ANA )-ի Ռուսաստանի հայերի ներկայացուցիչ Կարեն Մարտիրոսյանը Հայաստանում է:
Երեկ՝ հունվարի 12-ին, նա Մոսկվայից ժամանել է Հայաստան և օդանավակայանից անմիջապես իրեն դիմավորած հարյուրավոր մարդկանց հետ այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերզամի զոհերի հիշատակին:
GPnews.am-ի հետ զրույցում Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ մինչ Եռաբլուր այցը՝ իրեն ուժեղ մարդ է համարել, սակայն այժմ անհնար է տեսնել այդքան լացող մայրեր, երիտասարդ հերոսների այդ թվով շիրիմներ.
«Ամեն ինչ տեսել եմ իմ կյանքի ընթացքում և ինձ ուժեղ մարդ եմ համարել, բայց Եռաբլուրում զգացումներս այլ էր՝ կորցրել էի միտքս, խոսելու, մտածելու կարողությունս,-ասաց Կարեն Մարտիրոսյանը և հավելեց,-առանձին այցելել եմ Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Նրանց անուններն այս դժվարին իրավիճակում ինձ ուժ են տալիս»:
Նշենք, որ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարած կազմակերպության անդամները, «Երազանքների մոլորակ» հիմնադրամն Արցախյան պատերազմի ժամանակ բազմաթիվ միջոցառումներ են իրականացրել Հայաստանին և հայերին աջակցելու նպատակով, միջոցառումներն ակտիվ փուլում են նաև հետպատերազմական շրջանում:
Այսօր Կարեն Մարտիրոսյանը կայցելի Նոր Արեշի ծննդատուն, անակնկալ ունեն պատրաստած այնտեղ լույս աշխարհ եկած տղա երեխաների համար:
Հրաչուհի Ալմաստյան