Օրերս հայտնի դարձավ ՀՀ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի անունը՝ Էդգար Շաթիրյան: Վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աղմկահարույց քննարկումների ալիքն անտարբեր չանցավ նաև Էդգար Շաթիրյանի կողքով՝ նրան արժանացնելով թե՛ դրական, և թե՛ բացասական որակումների:
Տեղեկատվության համար նշենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 40-ամյա Էդգար Շաթիրյանը իրավական բավականին հարուստ ճանապարհ է անցել՝ ունեցած գիտելիքներն ու ռեսուրսները ծառայեցնելով պետության զարգացմանը: Ամենակարևորներից նշենք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրինագծերի փաթեթի մշակումն ու ընդունումը, որին Էդգար Շաթիրյանն անմիջական մասնակցություն է ունեցել:
GPnews.am-ը Էդգար Շաթիրյանի հետ զրուցել է նրա անցած ճանապարհի, նպատակների, ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու և նրան սպասվող հնարավոր մարտահրավերների մասին:
–Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Պաշտոնական առաջադրմանը նախորդել են որոշակի գործընթացներ՝ հանդիպումներ են եղել տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: Այդ քննարկումների արդյունքներով, թերևս, նպատակահարմար համարվեց առաջադրել իմ թեկնածությունը: Այդ համատեքստում պատասխանատվություն ստանձնելու հարցի առնչությամբ, բազմիցս նշել եմ և վերահաստատում եմ՝ ՍԴ-ի հետ կապված իրավիճակը սկզբունքորեն այլ է և որևէ այլ, այդ թվում՝ դատական իշխանության մարմնի հետ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ: ՍԴ հարցի առնչությամբ տեղի են ունեցել որոշակի գործընթացներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններին: Սրան հաջորդեց ՍԴ նախկին նախագահի և դատավորների կողմից իրենց ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանություն հայցելը ՄԻԵԴ-ում: Անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի ՍԴ դատավորի պաշտոնում, յուրաքանչյուր գիտակից մարդ, ստանձնելով այս պատասխանատվությունը, պետք է նաև խորապես գիտակցի, թե ինչպիսի բեռ է վերցրել իր ուսերին:
–Պատկերացնո՞ւմ եք այն մարտահրավերները, որոնք ծառանալու են Ձեր առջև:
– Հարցն, իհարկե, բազմաշերտ է. փորձեմ մնալ զուտ իրավական հարթությունում: Որոշակիորեն պատկերացնում եմ: Կարծում եմ՝ կարող եմ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին՝ միաժամանակ արձանագրելով, որ սահմանադրական արդարադատությանը, սահմանադրական վերահսկողությանն առնչվող հարցադրումները բավական բարդ են և նուրբ: Թող մեծամիտ չհնչի, բայց պատկերացնում եմ այն մարտահրավերները, որոնք ծառանալու են նաև իմ առջև, եթե ԱԺ-ից վստահության քվե ստանամ:
–Ո՞րն է Սահմանադրական դատարանի դատավորի գլխավոր առաքելությունը:
-Պատասխանները կարող են տարբեր լինել: Կարելի է հղում կատարել Սահմանադրական և օրենսդրական նորմերին՝ նշելով ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունը, առաջնորդվելը բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության գերակայության ապահովումը: Ինձ համար առանցքային և առաջնային է եղել և մնում մասնագիտական հարթությունում մնալը, անձնային և մասնագիտական սկզբունքներիդ և արժեքներիդ հավատարիմ մնալը, դրանց չդավաճանելը:
–Սահմանադրական արդարադատության գործող մոդելը Ձեզ համար ընդունելի՞ է:
-Եթե հարցին անդրադառնանք սահմանադրաիրավական հարթությունում, կարելի է առանձնացնել մի շարք կոնցեպտուալ հարցեր: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ միտված Սահմանադրության փոփոխությունների կամ նոր Սահմանադրության նախագծի մշակմանը: Այսօր բուռն քննարկումներ են ծավալվում Բարձրագույն դատական ատյանների հնարավոր միավորման հարցի շուրջ, ինչի առնչությամբ ձեռնպահ կմնամ միանշանակ գնահատականներ տալուց՝ փաստելով, որ սահմանադրական արդարադատության թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական մոդելները կենսունակ են, և հարցի առնչությամբ մեկ-երկու դրվագային մոտեցումներ ներկայացնելով՝ հնարավոր չէ միանշանակ եզրահանգում ներկայացնել, թե դրանցից որն է առավել նախընտրելի: Այդ համատեքստում կարևորում եմ յուրաքանչյուր պետությունում ձևավորված սահմանադրական, իրավական և քաղաքական մշակույթի գործոնը, քանզի այս կամ այն մոդելին անցումը չպետք է լինի ինքնանպատակ և լինի սոսկ մեխանիկական ընդօրինակում: Սկզբունքորեն, դեմ չլինելով նոր մոդելի գաղափարին, կարծում եմ՝ դրա ներդրման առնչությամբ պետք է ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ և հիմնավորումներ: Միգուցե, այդ առումով, այնուամենայնիվ, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք համակարգը կդարձնեն առավել կենսունակ՝ նպաստելով նաև արդարադատության արդյունավետության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը: Ոլորտային հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայն դրանց հնարավոր լուծումները պետք է լինեն համակարգային, որոշակի և կանխատեսելի: Հարցի առնչությամբ, կարևորում եմ եռաստիճան դատական համակարգի պահպանության նպատակահարմարության հարցի քննարկումը՝ վերաքննիչ դատարանների առաքելության, դրանց դերակատարության վերանայման հարցի համատեքստում: Կարծում եմ՝երկաստիճան դատական համակարգին անցում կատարելու պայմաններում որոշակի լուծում կտրվի նաև գործերի ողջամիտ ժամկետում քննության հարցին: Զուգահեռաբար, ցանկանում եմ նշել, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ին վերապահված առանձին լիազորություններ գործնականում դեռևս իրացված չեն, օրինակ՝ Սահմանադրական մարմինների միջև իրենց Սահմանադրական լիազորություների առնչությամբ առաջացած վեճերի լուծումը, պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցի լուծումը՝ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում և այլն: Հետևաբար՝ քանի դեռ այդ լիազորությունները գործնականում իրացված չեն, հնարավոր չէ գնահատական հնչեցնել դրսնց իրացման արդյունավետության հարցի առնչությամբ: Ինչ վերաբերում է այն լիազորություններին, որոնք գործնականում իրացվել և իրացվում են, այս առումով, բարելավման անհրաժեշտությունն առկա է:
–Հաշվի առնելով Ձեր անցած ճանապարհը՝ բավականին սկզբունքային եք, արդյո՞ք ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը կարող է Ձեզ ինչ–որ առումներով սահմանափակել:
– Խղճիս առաջ հանգիստ եմ այն առումով, որ իմ մասնագիտական լիազորություններն իրականացրել եմ բարեխղճորեն, և այս առումով, որքան էլ հնչեն նաև քննադատություններ, ինձ խոցելի չեմ համարում: Ընդհանուր առմամբ, առկա են նաև քննադատական մոտեցումներ, որոնց նորմալ եմ վերաբերում: Շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե, առհասարակ, քննադատություններ չլինեին, անձս և գործունեությունս ներկայացվեին բացառապես դրական լույսի ներքո: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ներուժս կարող եմ պատշաճ կերպով օգտագործել համապատասխան ոլորտում: Գտնում եմ, որ ցանկացած պաշտոն ստանձնելիս առաջին հերթին ստանձնում ես պատասխանատվություն, ինչը ենթադրում է նաև որոշակի սահմանափակումներ, ինչին նորմալ եմ վերաբերում: Վերջապես, պաշտոնը վայելք չէ:
–Կյանքում որոշումներ հե՞շտ եք կայացնում:
-Որոշումներ կայացնելիս առաջնորդվում եմ իմ ներքին համոզմունքով և խղճով, դրանց դեմ չեմ գնում՝ անկախ այն հանգամանքից՝ ում է դա դուր գալիս կամ՝ ոչ: Գուցե, դա էլ իմ սկզբունքայնության դրսևորումներից մեկն է:
–Այժմ այն կետո՞ւմ եք, որը պատկերացրել եք տարիներ առաջ:
-Ինձ չեմ պատկերացրել այս կետում: Կյանքիս գերնպատակը ՍԴ դատավորի պաշտոնում պաշտոնավարելը չի եղել: ՍԴ դատավորի պաշտոնը համարում եմ չափազանց պատասխանատու և պատվաբեր, իսկ ՍԴ դատավորի բարձր կոչմանը հավատարիմ մնալը՝ հույժ կարևոր:
–Ի՞նչն է իրավական դաշտում Ձեզ զայրացնում:
-Զայրացնում է դիլետանտությունը ցանկացած ոլորտում: Ինձ համար առաջնային է պրոֆեսիոնալիզմը. կա որոշակի արժեհամակարգ, որն իրենում պետք է կրի համապատասխան ոլորտում դերակատարութուն ունեցող սուբյեկտը: Եթե ցանկանում ես, իսկապես նվիրվելով աշխատանքիդ, որոշակի ներդրում ունենալ տվյալ ոլորտի կայացման, դրա զարգացման գործում, առաջնային նախապայմաններից է պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը: Այս առումով, դիլետանտիզմը շատ լուրջ խոչընդոտ է եղել և մնում: Իհարկե, ըստ իս, առնվազն ոչ պակաս կարևոր են մարդկային որակները, որոնց խոցելի լինելու պարագայում մասնագիտական որակներն այլևս դառնում են երկրորդական: Կատարյալ վիճակը երկուսի զուգակցումն է:
–Ձեր հասցեին նաև քննադատություններ հնչեցին, ո՞րն էր ամենաանհավանականը:
-Առողջ քննադատությանը նորմալ եմ վերաբերվել և վերաբերում: Քննադատությունը ևս նպաստում է թե՛ անձնային, թե՛ մասնագիտական որակների բարելավմանը: Անառողջ քննադատություններ ևս հնչել և հնչում են: Չէի ուզի որևէ անձի թիրախավորել, բայց դրանցից մեկն այն է, որ աշխատել եմ նախորդ իշխանությունների օրոք և մասնակցություն եմ ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրինագծերի փաթեթի մշակմանը: Մարդիկ, ովքեր հնչեցնում են այսօրինակ հայտարարություններ, նախ՝ թող չմոռանան, որ հիշյալ փաթեթն ԱԺ կողմից ընդունվել է առանց դեմ ձայների: Երկրորդ՝ եթե կայացած իրավաբան ես և ներուժդ արդյունավետորեն ներդնում ես այս կամ այն ոլորտում, սկզբունքային նշանակություն չունի, թե որ իշխանության օրոք ես աշխատում:
–Ո՞րն է եղել Ձեր՝ մասնագիտական լավագույն ձեռքբերումը:
-Վերջին տարիներին աշխատել եմ հակակոռուպցիոն ոլորտում, մասնագիտական գործունեությունս առնչվել է կոռուպցիայի կանխարգելմանը: Կարծում եմ՝նշված ոլորտում բավականին զարգացել, ինքնակրթվել, ինքնակատարելագործվել եմ. որոշակի, միգուցե՝ համեստ ներդրում ունեցել եմ կոռուպցիայի կանխարգելման համակարգի կայացման, դրա զարգացման գործում:
Հրաչուհի Ալմաստյան
GPnews.am