Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ

GPnews.am իրավական-լրատվական կայքը շարունակում է իր շարքը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների լուսաբանմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ն ընդդեմ «Մարսարմետ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2018 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, 2019 թվականի հունիսի 10-ի իր որոշման մեջ անդրադարձ է կատարել այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատ¬կություն¬ներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը սույն որոշման մեջ նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:
Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնա¬կալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկած¬ների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին` Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման՝ հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում» արտահայտությունը կիրառելի է քաղաքա-ցիական դատավարության յուրաքանչյուր փուլի նկատմամբ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշ-տությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտել է.

1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով՝ դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե´ գործի մասնակցի, և թե´ օբյեկտիվ դիտորդի մոտ:
2. Այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները, վերադաս դատական ատյանում կոլեգիալ կազմում տվյալ դատավորի դերակատարությունը:

Մանե Դավթյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով