Ինչպիսի՞ իրավունքներով եք օժտված, եթե Ձեզ հրավիրել են հարցաքննելու որպես վկա

Ինչպիսի՞ իրավունքներով եք օժտված, եթե Ձեզ հրավիրել են հարցաքննելու որպես վկա

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ինչպիսի՞ իրավունքներով եք օժտված, եթե Ձեզ հրավիրել են հարցաքննելու որպես վկա:

1. Նախ, որպես վկա հարցաքննվելու համար քննիչը Ձեզ պետք է կանչի հարցաքննության ծանուցագրով։ Ուշադիր կարդացե՛ք ծանուցագիրը, որտեղ պետք է գրված լինի, թե ո՞վ է կանչում, ու՞մ է կանչում, ի՞նչ դատավարական կարգավիճակով է կանչում, ու՞ր և ե՞րբ (օրն ու ժամը) է կանչում, ինչպես նաև անհարգելի պատճառով չներկայանալու հետևանքները։

2. Ձեզ` որպես վկայի, հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից ավելի, այն կարող է շարունակվել առնվազն 1 ժամ հանգստի և սնվելու համար ընդմիջումից հետո։

3. Ձեզ կարող են հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:

4. Դուք կարող եք հարցաքննվել նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` Ձեր գտնվելու վայրում:

5. Դուք պետք է հարցաքննվեք այլ վկաներից անջատ։

6. Դուք իրավունք չունեք սուտ ցուցմունք տալու կամ հրաժարվելու ցուցմունք տալուց։

7. Դուք իրավունք ունեք նաև`

1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.

2) հրաժարվել Ձեր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.

3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել Ձեր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ.

4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.

5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.

6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող Ձեր ցուցմունքները.

7) ծանոթանալ Ձեր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և Ձեր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.

9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

8. Խորհուրդ է տրվում հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։ Փաստաբանը Ձեզ նախապես կտրամադրի կարճատև խորհրդատվություն, որից հետո Ձեզ հետ միասին կներկայանա հարցաքննության վայր և կհետևի Ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովմանը։ Փաստաբանը Ձեր իրավունքների խախտման դեպքում անհապաղ կանի հայտարարություններ, որոնք կներառվեն հարցաքննության արձանագրության մեջ։ Փաստաբանն իր ունեցած քրեադատավարական լիազարությունների սահմաններում կձեռնարկի բոլոր օրենքով չարգելված միջոցները` Ձեր խախտված իրավունքները վերականգնելու համար»:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով