Բժշկական ծառայությունների մատչելիություն. ովքեր կարող են օգտվել անվճար բժշկական ծառայությունից

Բժշկական ծառայությունների մատչելիություն. ովքեր կարող են օգտվել անվճար բժշկական ծառայությունից

Յուրաքանչյուր անձի երջանկության անքակտելի և նույնիսկ հիմնական մասը վերջինիս առողջությունն է։ Հետևապես յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել առողջ։ Պետություններն իրենց հերթին ապահովում են իրենց քաղաքացիների համար ոչ միայն առողջ շրջակա միջավայր, այլ նաև մատչելի բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը։
Մեր պետությունը ևս երաշխավորում է յուրաքանչյուր մարդու առողջության իրավունքը, ինչն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

Վերոնշյալ իրավակարգավորման հիմնական նպատակը յուրաքանչյուր անձի համար համապատասխան առողջ միջավայր ապահովելն է, իսկ առողջության վատթարացման դեպքում երաշխավորել այնպիսի բժշկական ծառայությունների առկայությունը, որոնք կնպաստեն անձի առողջության վերականգնմանը:

Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, որ անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը սահմանվում է օրենքով, սակայն նմանատիպ օրենք մինչ օրս չի ընդունվել, ինչը կարող է էական ազդեցություն թողնել անձի՝ բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիության իրավունքի իրացման վրա՝ խախտելով վերջինս:

Սահմանադրական սույն իրավադրույթը կյանքի կոչելու նպատակով 1996թ.-ին ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, որտեղ զետեղված են բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տնտեսական, ֆինանսական և իրավական հիմքերը։

Բժշկական օգնությունը և սպասարկումն իրենից ներկայացնում է բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում: Այսինքն, բժշկական օգնությունը բժշկական և ոչ բժշկական այն բոլոր միջամտությունների ամբողջությունն է, որոնք ուղղված են անձի առողջության պահպանմանը և բարելավմանը։

Օրենքով տրվում է նաև խտրականության արգելքը՝ սահմանելով յուրաքանչյուր անձի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը։ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարության 04.03.2004թ-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանվում են սոցիալական և հատուկ այն խմբերի ներկայացուցիչները, ովքեր իրավունք ունեն պետական միջոցների հաշվին անվճար կամ համավճարով բժշկական օգնություն և սպասարկում ստանալ։ Սույն որոշմամբ նշվում են նաև այն բժշկական ծառայությունները, որոնց համար կարող է պետական պատվեր տեղադրվել։ ՀՀ կառավարության կողմից սահմանվել են նաև սոցիալական և հատուկ այն խմբերը, հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում դեղերը տրամադրվում են անվճար, 50 կամ 30 տոկոս զեղչով, ինչպես նաև դեղերի տրամադրման կարգը (ՀՀ կառավարության 30.05.2019թ.-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006 թ.-ի թիվ 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»)3 ։ Անվճար կամ մասնակի փախհատուցմամբ տրվում են այն դեղերը, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 17.03.2018թ.-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 14.05.2013թ.-ի թիվ 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշման մեջ։

Անվճար բժշկական օգնության և սպասարկման դեպքում առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և բժշկական պարագաների արժեքն ամբողջությամբ փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքում առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և բժշկական պարագաների արժեքը փոխհատուցվում է ոչ ամբողջությամբ, այլ մասնակի՝ ՀՀ պետական բյուջեի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

Առողջության մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ կարող են հանդիսանալ նաև այլ բժկական ծառայությունների մատուցման կարգի վերաբերյալ իրավական ակտերի առկայությունը:
Օրինակ, Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքը, որով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Մատչելիության իրավունքի մեջ է ներառված նաև տեղեկատվության ազատությունը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

Վերոնշյալ իրավադրույթները վերաբերում են նաև բժշկական տվյալներին և տեղեկատվությունը, իհարկե գաղտնիության իրավունքի պահպանման հաշվանցմամբ։ Այսպես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

Վիկտորյա Հակոբջանյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով