Բժշկական օգնության տրամադրման կարգը՝ պատերազմի ընթացքում և հետո

Բժշկական օգնության տրամադրման կարգը՝ պատերազմի ընթացքում և հետո

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում և/կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբաեկչական գործողություններ կատարելու արդյունքում տուժած անձանց մատուցվող բժշկական օգնությունը և սպասարկումը։

Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

ՀՀ Կառավարության 04․03․2004թ․-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանվում է արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։

Հետևյալ կարգի համաձայն՝

  1. տուժած անձն օգտվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից վերոնշյալ որոշմամբ սահմանված ծավալներով, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից,
  2. տուժած անձին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկման շրջանակներում ՀՀ կառավարության 30․05․2019թ․-ի թիվ 642-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար և/կամ համավճարով տրամադրվում են նաև անհրաժեշտ դեղերը,
  3. տուժած անձն իրավունք ունի պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալ իր կողմից կամավոր ընտրված բժշկի մոտ ՀՀ կառավարության 30․03․2006թ․-ի թիվ 420-Ն որոշման սահմանած կարգով:

Տուժած անձի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ բնակչության պետական ռեգիստրից կամ այլ տեղեկատվական շտեմարաններից տրված քաղվածքը, եթե անձի տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հասանելի այլ տեղեկատվական շտեմարաններում:

Նշված քաղվածքը տրամադրվում է տուժած անձին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրած համապատասխան բժշկական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված հարցման հիման վրա, որի մեջ նշվում են անձի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)։ Առկայության դեպքում հարցմանը կցվում է մեկ գունավոր լուսանկար և անձը հաստատող որևէ փաստաթղթի պատճեն։

Օրենքով սահմանվում է, որ ըստ իրավիճակի, տուժածների թվի, վնասվածքների բնույթի, լիազոր մարմինը որոշում է ընդունում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կամ դրանց մի մասի կողմից պացիենտների պլանային, հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու մասին «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին համապատասխան: Սույն մասի իմաստով՝ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

Պացիենտների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու դեպքում տվյալ տեսակի հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են բացառապես՝

1) արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով․

2) այլ անձանց՝ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում` Կառավարության սահմանած կարգով:

Պացիենտների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը դադարեցնելու դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող սուր և քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման նպատակով պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում կազմակերպվում են ցերեկային ստացիոնարներ:

ՀՀ Առողջապահության նախարարի 27․09․2020թ․-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ» թիվ 3345-Ա հրամանի համաձայն՝

  • դադարեցվել են բժշկական հաստատություն պլանային կարգով դիմած պացիենտների ընդունումը,
  • իրականացվել է բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում,
  • հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակի գնահատումից հետո` ապահովվել է վերջիններիս դուրս գրումները՝ հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով,
  • հետ են կանչվել արձակուրդում և գործուղման մեջ գտնվող բժշկական անձնակազմի անդամները,
  • անհրաժեշտության դեպքում տեղադրվել են լրացուցիչ մահճակալներ։

ՀՀ Առողջապահության նախարարի 13․10․2020թ․-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ» թիվ 3626-Ա հրամանի համաձայն՝

  • բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների տեսակցությունների համար սահմանվել են հստակ ժամեր՝ յուրաքանչյուր օրվա ընթացքում այցելությունների համար նախատեսելով առավելագույնը 2 ժամ,
  • պացիենտների տեսակցությունները կազմակերպվել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ,
  • տեսակցության ժամերի ընթացքում յուրաքանչյուր պացիենտի մոտ թույլատրվել է բացառապես մեկ այցելուի ներկայությունը։

ՀՀ Առողջապահության նախարարի 06.11.2020թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու մասին» թիվ 3916-Լ հրամանով սահմանվել է, որ բժշկական կազմակերպություններում պետք է առաջնահերթություն տրվի ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև վերոնշյալ անձանց բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելու համար մշտապես ունենալ ազատ, լրացուցիչ մահճակալներ: Պացիենտների շտապ ու անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը:

*պլանային բժշկական օգնությունն ուղղված է պացիենտի առողջության բարելավմանը, և վերջինիս հետաձգումը որոշակի ժամանակով չի առաջացնի պացիենտի առողջական վիճակի վատթարացում, կյանքին կամ առողջությանը վտանգ չի ներկայացնի:

Հիշատակենք նաև, որ ՀՀ կառավարության 04.03.2004թ.-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերի մեջ են ներառված նաև զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները:

Օրենսդրության իմաստով՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայողները,

բ. վարժական հավաքների կանչված զինապարտները,

գ. մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցողները և նրանց ընտանիքի անդամները:

Պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, ինչպես նաև`

ա. ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների անդամները, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները:

Վիկտորյա Հակոբջանյան

Related Articles

1 Comment

  • Լիլիթ Վարդանյան , 13 Հունվարի, 2021 @ 00:06

    Հանրամատչելի ու մանրամասն նկարագրված է ամեն ինչ, հազիվ մի նորմալ հոդված որտեղ կարող ես գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Խնդրում եմ նաև հետագայում հերթական հոդվածում լուսաբանեք նոր օրենքներն ու ավելացումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով