Արտակարգ դրության ժամանակ կատարված հանցավոր արարքը ե՞րբ կարող է դիտարկվել՝ որպես պատիժը ծանրացնող հանգամանք

Արտակարգ դրության ժամանակ կատարված հանցավոր արարքը ե՞րբ կարող է դիտարկվել՝ որպես պատիժը ծանրացնող հանգամանք

Արտակարգ դրության ընդունումից հետո «Փաստաբանական շտապօգնություն» ծառայությանը դիմած բազմաթիվ անձանց հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք արտակարգ դրության ժամանակ կատարված յուրաքանչյուր հանցավոր արարք, հետագայում դատարանի կողմից պարտադիր հաշվի է առնվելու՝ որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, թե՝ ոչ:

Այսպես.

ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն`

1. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝

(…)

10) հանցանքն այնպիսի անձի կողմից կատարելը, ով դրանով խախտել է զինվորական կամ մասնագիտական երդումը.

(…)

13) հանցանքը ռազմական կամ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ, տարերային կամ հասարակական այլ աղետի պայմաններում, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ժամանակ կատարելը.

14) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը:

2. Դատարանը, ելնելով հանցագործության բնույթից, կարող է ծանրացնող չհամարել սույն հոդվածի առաջին մասի 10-րդ և 14-րդ կետերում մատնանշված հանգամանքները:

Համապատասխանաբար, արտակարգ դրության ժամանակ կատարված յուրաքանչյուր հանցագործություն դատարանի կողմից պետք է հաշվի առնվի որպես ծանրացնող հանգամանք, քանի որ օրենսդիրը, ելնելով հանցագործության բնույթից, ծանրացնող հանգամանք դիտարկելու հայեցողություն դատարանին թողել է միայն 10-րդ և 14-րդ կետերում նշված հանգամանքները, իսկ մնացած դեպքերում հանցագործության բնույթը հաշվի առնելու հնարավորություն չի տրվել:

Վերը ներկայացվածը հետագայում կարող է առաջացնել իրավական խնդիրներ այն պատճառով, որ հաշվի չի առնվում.

  • հանցագործության բնույթը
  • մեղքի ձևը
  • կապը կատարած արարքի և ծանրացնող հանգամանքի միջև:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ արտակարգ դրության ժամանակ ապօրինի աբորտ կատարելը կամ ազատությունից ապօրինի զրկելը, ծեծը կամ, առհասարակ, անզգուշությամբ կատարված որևէ հանցագործություն, օրինակ, ավտովթարների դեպքում, որը պատճառել է ծանր կամ միջին ծանրության հանցագործություն, ինչ կապ կարող են ունենալ արտակարգ դրության հետ և արդյո՞ք ժամանակագրային առումով արտակարգ դրության ժամանակաշրջանում կատարված յուրաքանչյուր հանցավոր արարքի կատարում, պետք է հետագայում դատարանի կողմից դիտարկվի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, ակնհայտ է, որ ոչ, քանի որ վերը ներկայացված հանցագործությունները, օրինակ, և մի շարք այլ հանցագործություններ ևս, մեծամասամբ, որևիցե կապ չեն կարող ունենալ արտակարգ դրության հետ:

Համապատասխանաբար, արտակարգ դրության ժամանակ կատարված հանցավոր արարքը դատարանի կողմից ոչ բոլոր դեպքերում կարող է դիտարկվել որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, այն իրավաչափ կլինի դիտարկել միայն այն դեպքում, երբ արարքն ու արտակարգ դրությունն ունեցել են պատճառական կապ, և անձն իր արարքը կատարել է  արտակարգ դրության պայմաններն օգտագործելով:

Երեմ Դավթյան
«Փաստաբանական շտապօգնություն» ծառայություն

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով