Արա Պապյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է

Արա Պապյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանին 2020թ.-ի նոյեմբերի 2-ին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացվել՝  «ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար, տուգանքի չափ էր սահմանվել 300 000 ՀՀ դրամը:

Վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պատճառ էր նշվել կառավարության ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումն արգելող որոշման խախտումը:

GPnews.am-ի հետ զրույցում Արա Պապյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ վերադասության կարգով վարչական բողոք է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին՝ կայացված վարչական ակտը բեկանելու և այն անվավեր ճանաչելու պահանջով: Օրերս վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացվել:

Փաստաբանը նշեց, որ Արա Պապյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումով խախտվել է անձի կարծիքի արտահայտման ազատության և վերջինիս ազատ գործելու իրավունքները, բացի այդ՝ կա նաև իրավական որոշակիության սկզբունքի խախտում:

«Արա Պապյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կայացվել է այն հիմքով, որ վերջինս 2020թ.-ի նոյեմբերի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, սակայն որոշման մեջ ոչ մի հավելյալ նշում չկա, թե ինչ  գրառման մասին է խոսքը: Փաստական հիմքն այն է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որպես իրավական հիմք սույն որոշման մեջ մեջբերված են կառավարության 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման 4-րդ գլխի 9.2 կետը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 182.5 հոդվածի 6-րդ մասը: Մեջբերված կառավարության որոշումը ձևակերպում է, որ արգելվում է Հայաստանում և Արցախում պաշտպանունակության և անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի նշված հոդվածի համաձայն՝ անձը կարող էր վարչական պատասխանատվության ենթարկվել, եթե խախտվեր տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները: Սակայն կառավարության վերոնշյալ որոշումը տեղեկությունների տարածման կանոններ չի նախատեսում, մինչդեռ Արա Պապյանը կիսվել էր ֆեյսբուքյան մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ»,-ասաց Տիգրան Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Արա Պապյանը կատարել է իր մասնագիտական գործունեությունը՝ քաղաքական կանխատեսում է արել, որը քարոզչություն չէ:  Ավելին, այն ապացույցը, որը դրված է որոշման հիմքում, այն է` ֆեյսբուքից արտատպված քաղվածքը, արժանահավատ չէ, քանի որ վերջինս առնվազն հնարավորություն չի տալիս որոշելու, թե երբ է կատարվել գրառումը»,-ասաց փաստաբանը:

Հատկանշական է, որ կառավարության որոշման համապատասխան կետերն արդեն իսկ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաև նշված կետերի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցը այս պահին վիճարկվում է Սահմանադրական դատարանում:

Հրաչուհի Ալմաստյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով