Սպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով. մեղադրանք է առաջադրվել չորս անձի. ՔԿ

Սպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով. մեղադրանք է առաջադրվել չորս անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով 30-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների սպանությունը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նշենք, որ հիշատակված քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակ քաղաքում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ, որի նախաքննությունն ավարտվել էր դեռևս 2019թ. դեկտեմբեր ամսին, և քրեական գործը, չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Նշված քրեական գործով մասնավորապես պարզվել և հիմնավորվել էր, որ վրեժխնդրության շարժառիթը հանդիսացել են 2018թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը: Մասնավորապես՝ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 41-ամյա տղամարդը և վերջինիս երկու մտերիմները Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում գործող սրճարանի մոտ վիճաբանել էին նույն տարածքում կայանած ավտոմեքենայի 30-ամյա վարորդի և վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ գտնվող 12մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել էր ներկաներից մեկի ուղղությամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դրանից հետո, նույն դեպքի վայրում, ի պատասխան 41-ամյա տղամարդու գործողությունների, քննությամբ չպարզված անձինք վերջինիս գցել էին Տանձուտ գետը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջինիս մտերիմ ընկերը, որը Սպիտակ քաղաքի բնակիչ է, իր ընկերոջ հեղինակությունը վարկաբեկելու, նրան ընդհարումների մեջ ներքաշելու, ինչպես նաև՝ գետը նետելու կապակցությամբ, 30-ամյա տղամարդուց և նրա ընկերներից վրեժխնդիր լինելու շարժառիթով, պարբերաբար հետապնդել է նրանց՝ հարմար առիթի դեպքում վնաս պատճառելու նպատակով:

Նկատելով իրենց հետապնդող անձին, վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին Սպիտակ քաղաքում գործող ապահովագրական գրասենյակի տնօրենի միջոցով կազմակերպել էին իրենց հանդիպումը, որի ժամանակ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում ներկաներից մեկը կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, որից հետո, անտեսելով տուժողի՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, գործով մեղադրյալներից մեկը դանակով դիտավորությամբ հիմից կտրել էր տուժողի ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ նույն օրը հրազենային վնասվածք էր պատճառվել ևս մեկ անձի, որից հետո գործով երեք մեղադրյալները դիմել էին փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել էր դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների պարկուճները, դրանք վերցրել ու հեռացել:

Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ, 41 ամյա տղամարդու, ինչպես նաև Սպիտակ քաղաքում կատարված սպանության գործով մեղադրյալ, 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործերի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներով, և նրանք փաստացի գտնվել են ազատության մեջ, ինչի արդյունքում, ձևավորված լարված մթնոլորտում և միմյանց նկատմամբ անբարյացկամ հարաբերությունների պարագայում, դեպքից որոշ ժամանակ անց, կատարվածի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև նշված դեպքերը պատճառ է հանդիսացել, վրեժխնդրության շարժառիթով, այլ հանցագործությունների կատարման:

Մասնավորապես՝ վերը նշված դեպքերից հետո, 41 ամյա տղամարդու հայրը՝ 64-ամյա տղամարդը, չհանդուրժելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների կողմից իր զավակի ու մտերիմների նկատմամբ դրսևորած վարքագիծը և ոտնձգությունները, իր արժանապատվությունը, հեղինակությունը և տարիների ընթացքում ձևավորած ազդեցությունը պահելու նկատառումներից ելնելով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, օգտվելով վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքից, կազմակերպել ու ղեկավարել է ապօրինաբար նրան և ընկերներին ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները:

Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «АК-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Այնուհետև նշված հանցագործությունն իրականացնելու և միևնույն ժամանակ աննկատ մնալու նկատառումներից ելնելով, տեղեկացված լինելով, որ իր առանձնատան հարևանությամբ բնակվող հարևանի եղբորորդին բանակում ծառայել է որպես հրաձիգ, տիրապետում է զենքի կանոններին, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերացել է վերջինիս հետ, հաճախակի իր տուն հրավիրել, որպես ձեռքի ծախս՝ պարբերաբար գումարներ տրամադրել, այնուհետև հասունացնելով իրենց մտերմությունը՝ տեղեկացրել է, որ պետք է սպանեն Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդուն և նրա ընկերներին՝ նշելով, որ հակառակ դեպքում նրանք իրենց կսպանեն՝ տրամադրելով նշված «АК-74» տեսակի ինքնաձիգը և փամփուշտները: Միևնույն ժամանակ 64-ամյա տղամարդու որդին, ընդօրինակելով հոր գործելաոճը, հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, երկու ընկերների ներգրավել է հանցավոր խմբում:

Պատվիրելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների սպանությունը՝ 64-ամյա տղամարդը կազմակերպել ու ղեկավարել է նշված առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստելուն ուղղված գործողությունները, իսկ որդին օժանդակել է հորը, որոնց շրջանակներում հարևանի եղբորորդուն, որը պետք է իրականացներ սպանության պատվերը, և ընկերներից մեկին մի քանի անգամ տեղափոխել է այն վայրերը, ուր վրեժի օբյեկտ հանդիսացող տղամարդը սովորաբար հաճախել է, այդ թվում՝ մարդաշատ, ընկերոջ հետ կրակելու միջոցով անտառներում փորձարկել են նշված ինքնաձիգը՝ վերացնելով ինքնաձիգի անխափան աշխատելու և նշանառության հետ կապված հնարավոր խոչընդոտները, իսկ 2019 թվականի դեկտեմբեր ամսին բեռնատար ավտոմեքենայով նրանց տեղափոխել Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանին հարակից տարածք, որպեսզի իրականացվի 30-ամյա տղամարդու ու նրա ընկերների սպանությունը:

Սակայն, պատվերը հանձն առած երիտասարդը հասկանալով, որ չի կարող նման քայլի դիմել, այսինքն՝ սպանել իրեն անծանոթ համաքաղաքացուն և նրա ընկերներին՝ կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնել և ինքնաձիգն ու փամփուշտներով լիցքավորված 2 փամփշտատուփերը վերադարձրել է իրենց հարևան, 64-ամյա տղամարդուն՝ վերադարձնելով նաև որպես աջակցություն իրեն տրամադրած գումարները, իսկ որպեսզի հետագայում չկարողանան հանցավոր մտադրությունն իրականություն դարձնել, մինչ զենքի վերադարձնելը, դրա միջի գործարանային արտադրության հետադարձ մեխանիզմի զսպանակը ջարդել է:

Սպանության մտադրությունը հոր և որդու կամքից անկախ հանգամանքերով ձախողվելուց հետո, 41-ամյա որդին պլանավորել է ամեն գնով իրականացնել հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռք է բերել և նշված ինքնաձիգի մեջ տեղադրել է հետադարձ մեխանիզմի ինքնաշեն զսպանակ, ապա 30-ամյա տղամարդու և նրա ընկերների գտնվելու վայր ժամանելու, հարմար դիրքից և տարածությունից հրազենից կրակելու, ինչպես նաև՝ հետագայում իր առնչությունը և մասնակցությունը շեղելու, հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով, ձեռք է բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը փոխարինելով հափշտակված համարանիշով, ապա ապօրինի կերպով ձեռք բերված և իր ու հոր տիրապետության տակ գտնվող, ապօրինի կերպով պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով, թվով 2 ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով , ժամը 18:20-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող շինության մոտ և հանդիպելով 30-ամյա տղամարդուն ու նրա ընկերներին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 64-ամյա տղամարդու որդին ավտոմեքենայի սրահից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա համաքաղաքացու և վերջինիս հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան 11Գ հասցեի շինության պատերը, Չերկասի 15/9 հասցեում գտնվող բնակարանի պատուհանի փեղկը, իսկ գնդակը դիպել է խոհանոցի առաստաղին և պահարանին, որի ժամանակ բնակարանում գտնվել են նշված բնակարանի տան անդամները: Հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից 30-ամյա տղամարդը և նրա ընկերներից մեկը մահացել են, իսկ մեկի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Հրաձգությունից հետո 41 ամյա տղամարդ ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և դրա մեջ առկա ինքնաձիգը, նույն օրը հայտնաբերվել է՝ այրված վիճակում:

Նկարագրված հանցագործությունը կյանքի կոչելուց հետո, հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, հանցագործները թաքնվել են 64-ամյա տղամարդու առանձնատանը և տեղադրված տեսախցիկներով հսկել անցուդարձը, որի ընթացքում՝ 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական այգու դարպասների մոտ, նկատել են անծանոթ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մտավախություն ունենալով, որ իրենց հնարավոր է դարանակալած լինեն, առաջացել են դեպի այգու դարպասներ, որտեղ պատահական հանդիպել են այգու պահակին այցելած անձին և աննշան առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով բռունցքով հարվածել վերջինիս դեմքին և առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, 41-ամյա տղամարդն ընկերոջ հետ քաշքշել են նրան, իսկ երբ տղամարդը փորձել է փախուստի դիմել, ավտոմեքենայով հետապնդելով գետնին են գցել, ապա ձեռքերով և ոտքերով բազմակի հարվածներ են հասցրել տուժածին, այնուհետև նաև դանակով բազմակի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ խմբի կազմում վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո թաքնվել են հիշյալ առանձնատան թաքստոցում:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ առանձնատան թաքստոցում հայտնաբերվել է նկարագրված վերջին դեպքով հետախուզման մեջ գտնվող 41 ամյա տղամարդը և նրա ընկերները, ինչպես նաև հայտնաբերվել են՝ «ПМ» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «ПМ», ԱՊՍ տեսակի ատրճանակներից և 9մմ տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 9 հատ փամփուշտ, «БР.М75» տեսակի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, առգրավել են նաև առանձնապես խոշոր չափերով՝ 63.15 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերվածի կապակցությամբ 41-ամյա տղամարդու ընկերներից մեկը՝ ևս հետախուզման մեջ գտնվող անձը, հայտարարել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայտնաբերված և առգրավված թմրամիջոցը, զենքը և ռազմամթերքը պատկանում են իրեն, որի մասին, ըստ նրա, որևէ մեկը տեղյակ չի եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որդուն՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս ընկերներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ մյուսին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով