Ինչ կարգով է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում:
Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա:
Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հետևյալ դեպքերում`
- երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա.
- երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումի հիման վրա` երեխայի մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում.
- հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թէ ոչ: Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ` նրա խնամակալի (հոգեբարձուի) կամ խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնությամբ: Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգեբարձության մարմնի ցուցումով: Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:
Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը` գրավոր համաձայնությամբ:
Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա նշվել են նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը: Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, և բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը` հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգեբարձուի), կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:
Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս, որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով: