Ի՞նչ անել, եթե ձեր երեխային առևանգել են

Ի՞նչ անել, եթե ձեր երեխային առևանգել են

Հաագայի կոնվենցիայի քաղաքացիաիրավական տեսանկյունները` կապված երեխաների միջազգային առևանգման և Հայաստանում նրա կիրառման հետ:

Հետևյալ մեկնաբանությունները կազմվել են ներքոհիշյալ իրավիճակների հիման վրա, որոնք պատահել են իրական կյանքում:

Հայ զույգը տեղափոխվել էր Ռուսաստան բնակություն հաստատելու նպատակով: 1.5 տարի հետո մայրը, երեխայի հետ գալիս է Հայաստան` այցելելու իր ծնողներին, սակայն ավելի ուշ հայտնում է ամուսնուն, որ այլևս մտադիր չէ վերադառնալ:

Հայաստանի  քաղաքացին  ամուսնանում  է  ամերիկացու  հետ: Նրանք  ապրում են Գերմանիայում:  Ամուսնալուծությունից  հետո կողմերի  փոխհամաձայնությամբ  աղջիկը  ապրում  է  մոր  հետ  Հայաստանում,  իսկ արձակուրդներն  անցկացնում  է  հոր  հետ  Գերմանիայում: Հերթական  արձակուրդից  հետո  հայրը  հայտնում է, որ  այսուհետ  աղջիկը  պետք  է  ապրի  իր  հետ:

Հայրը  օգնության խնդրելու նպատակով դիմում է մեր փաստաբանական գրասենյակ, քանի որ մայրը պատրաստվում էր տղային տանել Հայաստանից առանց հոր թույլտվության` Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատելու նպատակով:

ՀԻՇԵՔ. Ցանկացած երեխա երկու ծնողների հետ շփվելու իրավունք ունի:

Կայուն  կերպով  աճում է  այն  ընտանիքների  թիվը,  որտեղ  ամուսինները համարվում են  տարբեր  երկրների  քաղաքացիներ, այդ  իսկ  պատճառով  էլ  վեճերի  առաջացման դեպքում պետք  է  հաշվի  առնել  ներգրավված  պետությունների օրենսդրական  համակարգերը, որոնք  կարող  են  զգալիորեն տարբերվել  մեկը մյուսից: Այդ  իսկ  պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել և կիրառել միջազգային ընտանեկան վեճերի լուծման միասնական ընթացակարգ:

Ներկայումս Հայաստանը համարվում է մի շարք միջազգային համաձայնագրերի մասնակից, որոնք կարգավորում  են ընտանեկան հարաբերությունները, հանձինս Հաագայի 1980թ. հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի` երեխաների միջազգային առևանգման քաղաքա-իրավական տեսանկյունների մասին (այսուհետ` Կոնվենցիա), համաձայն որի  ցանկացած  երեխա, որին անօրինական ճանապարհով  դուրս  են հանել  երկրից կամ պահում  են երկրից  դուրս պետք  է  անհապաղ ետ վերադարձվի: Հայաստանում կոնվենցիայի կիրառման  Կենտրոնական Մարմնի (այսուհետ` ԿՄ) գործառույթները  իրականացնում  է  Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը:

Մեր փաստաբանական գրասենյակի մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել Հայաստանում 1980թ. Կոնվենցիայի կիրառման հետ կապված հարցերի շուրջ և կօգնեն Ձեզ`

  • ստանալ  անհրաժեշտ  տեղեկատվական աջակցություն և  օգնություն դիմումների կազմման, սույն Կոնվենցիային հակասող  պետական ​​մարմինների տված եզրակացությունը անվավեր ճանաչելու մասին հայցադիմումի պատրաստման վերաբերյալ, ինչպես  նաև գործ  հարուցել  անօրինական ճանապարհով   պահվող  երեխային վերադարձնելու համար:
  • հասկանալ  Հայաստանում և այլ երկրներ իրավաբանական ընթացակարգերի առանձնահատկությունները:
  • փորձել պայմանավորվել երեխային ինքնակամ վերադարձնելու  համար:

Ի՞նչ  է  առևանգումը: Իմ երեխային առևանգել  են: Ինչպե՞ս  վարվել:

Չնայած  Հայաստանում  ծնողներից  մեկը  կարող  է  մեկնել այլ երկիր  երեխային  իր հետ  տանելով, առանց  մյուս  ծնողի թույլտվությունը  հարցնելու, բայց  Կոնվենցիայի շատ մասնակից  երկրներում  դա  համարվում  է հանցագործություն:

Կոնվենցիային համաձայն  խոսքը  գնում  է  երեխայի  միջազգային առևանգման մասին, եթե`

  • չի  լրացել երեխայի 16 տարին.
  • երեխան մշտապես բնակվել  է Հայաստանում.
  • երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց  նրա  օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Անհրաժեշտ է նաև նշել,  որ տեղափոխում է համարվում երեխային` նրա մշտական բնակության երկրի  սահմաններից  դուրս  հանելը, իսկ պահելը` համաձայնեցված ժամկետում երեխայի  վերադարձի  առաջին օրը:

Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել: Նախ և առաջ անհրաժեշտ  է  հասկանալ որտեղ  են տարել Ձեր երեխային:

Կոնվենցիայի  մասնակից  երկրները

Կոնվենցիայի մասնակից  երկրների  ցանկը, ինչպես  նաև ԿՄ կոորդինատները կարող  եք  գտնել Հաագայի կոնֆերանսի միջազգային իրավունքի երեխաների առևանգման բաժնում

Կարևոր է իմանալ, որ  դիմումը պետք է ներկայացվի  որքան  հնարավոր  է  շուտ: Ժամանակը  շատ  կարևոր գործոն է: Եթե  դիմումը ներկայացվի  առևանգումից  մեկ տարի  հետո, ապա երեխային  ետ վերադարձնելու հավանականությունը   նվազագույնի է հասնում:

Երկրները,  որոնք մասնակից  չեն 1980 թ. Կոնվենցիային:

Եթե  երկիրը, որտեղ  գտնվում է երեխան, չի մասնակցում Կոնվենցիային, կամ մասնակցում է, բայց   դեռ չի հաստատել Հայաստանի ճանաչումը որպես  Կոնվենցիայի մասնակցի, ապա  օգնության համար  կարելի  է  դիմել`

  • տվյալ երկրի  Ոստիկանություն, որտեղ  ենթադրաբար  պահվում է Ձեր երեխան.
  • Հայաստանի ԱԳՆ-ի  հյուպատոսական վարչություն.
  • տվյալ  երկրի ԿՄ, որտեղ պահվում է  երեխան, ինֆորմացիոն աջակցություն ստանալու համար:

Կիրառելի է արդյո՞ք 1980 թ. Կոնվենցիան Ձեր դեպքում

Գործի քննության ընթացքում  կարող եք  հիմնվել  Կոնվենցիայի վրա,  եթե երեխային առևանգել են այն երկրից, որը մասնակցում է Կոնվենցիային և ճանաչում է այն երկիրը, որտեղ ենթադրաբար  գտնվում է  ձեր երեխան, որպես  կոնվենցիայի  մասնակցի (մասնակից  երկրների  ցանկը  կարելի  է նայել www.hcch.net), եթե  առևանգումը (պահումը) տեղի  է ունեցել երկրների` միմյանց  ճանաչումից հետո, ինչպես նաև, եթե երեխայի 16 տարին դեռ  չի  լրացել առևանգման (պահելու) պահին:

Ի՞նչ  անել, եթե Ձեր երեխայի գտնվելու  վայրը  հայտնի  չէ:

Եթե ճշգրիտ հասցեն անհայտ է, բայց  հայտնի  է  երեխայի գտնվելու հնարավոր  երկիրը, փնտրելու համար  կարող  են օգնել`

  • կենտրոնական մարմինը (ԿՄ), ուղղելով  դիմումը  տվյալ  երկրի ԿՄ, հնարավոր  հասցեն հաստատելու  համար:
  • տեղական ոստիկանությունը (ոստիկանության միջոցով ճշտեք վարկային քարտերի, բջջային հեռախոսի, էլ — փոստի, և այլ հետքերի, երեխայի կամ երեխային պահող ծնողի գտնվելու վայրի հետևելու  հնարավորությունը. բժշկական և դպրոցական  նշումներ և այլն):

Ի՞նչ է տեղի ունենում դիմումը  հանձնելուց  հետո:

Դիմումն ընդունելուց  հետո ԿՄ հայտ է  ուղարկում տվյալ երկրի Կենտրոնական մարմին, որպեսզի ճշգրիտ տեղեկություն ստանա  երեխայի գտնվելու  վայրի մասին և փորձի հասնել ծնողների միջև խաղաղ ճանապարհով համաձայնության հաստատմանը: Երբեմն հայտ ներկայացնելու փաստն արդեն իսկ բավական է, որպեսզի առևանգող ծնողը կամավոր կերպով վերադառնա երեխայի  հետ` հետագա ընթացակարգից խուսափելու նպատակով: Եթե ​​ծնողների  մոտ չի ստացվում  ինքնուրույն համաձայնության գալ, կարելի է դիմել միջնորդության` բանակցություններ երրորդ  անձի մասնակցությամբ, գործընթացը համակարգելու նպատակով:

Միջնորդության առավելությունները`

  • այն  ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան դատավարությունը.
  • հնարավորություն է տալիս քննարկելու հարցերի ավելի լայն շրջանակ, որոնք կապված են տվյալ խնդրի հետ.
  • ավելի քիչ է միջամտությունը  ընտանեկան գործերին, ոչ այնքան հրապարակայնորեն է, որքան դատարանում է.
  • զգալիորեն ավելի էժան է, քան  շահերի ներկայացումը դատավարության ընքացքում.
    ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ վերաբերմունքը ավելի դրական է, և որպես կանոն, նման պայմանավորվածությունները ավելի կայուն  են.
  • շատ դեպքերում  լավագույն լուծումն են երեխաների համար.
  • աշխատում է  առաջընթացի  օգտին (խաղաղ  ճանապարհով համաձայնության հասնելով  ավելի հեշտ է ապագայում պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ):

Միջնորդության թերությունները:

  • կարող  է  գործել  ձգողության մարտավարությունը, այն պետք  է հստակ սահմանափակում ունենա ժամանակի առումով.
  • սովորաբար միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն  իրագործվում են կամավոր կերպով: Այնուամենայնիվ, եթե կողմերից մեկը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունը, ապա անհրաժեշտ է դիմել դատարան.
  • եթե  կողմերից  մեկը  զգալիորեն ճնշում է  գործադրում մյուսի կողմի վրա, կամ մեղադրում է մյուս  կողմին բռնություն  կիրառելու մեջ, ապա  ավելի լավ է  միջնորդություն  չկիրառել:

Եթե ​​ծնողները չեն կարողանում համաձայնության գալ խաղաղ  ճանապարհով, ծնողը իր փաստաբանի հետ միասին կարող է հայց ներկայացնել երեխային վերադարձնելու համար: Դիմումը ներկայացվում է շրջանային դատարան, երեխայի ենթադրյալ գտնելու վայրը,  Հայաստանի Հանրապետության տարածքում: Անկախ նրանից ստիպված կլինեք  դիմել դատարան, թե կհաջողվի  իրավիճակը հարթել մինչ դատարանը, երեխային  վերադարձնելը բարդ իրավական գործընթաց է, ուստի խորհուրդ  ենք  տալիս դիմել փաստաբանին, որը մասնագիտացված է միջազգային մասնավոր իրավունքի իրավահարաբերություններում:

Հավատացեք, բացի պաշտոնական իշխանությունների օգնությունից Ձեզ անհրաժեշտ կլինի նաև փաստաբանի  ծառայությունները, ինչպես Հայաստանում  այնպես  էլ արտերկրում: Դիմեք փաստաբանի, ով կկարողանա պարզել իրավական հարցեր, կապված ընտանեկան կոնֆլիկտների լուծման հետ, ինչպես  նաև Ձեր շահերը  կներկայացնի դատարանում:

Նաև կարևոր  է  իմանալ, որ  Կոնվենցիան չի  անդրադառնում երեխայի  բնակության վայրի որոշման հարցին, դատարանը  բացառապես որոշում է  կայացնում միայն երեխային  վերադարձնելու մասին, այն երկիր,  որտեղ  նա  մշտապես  ապրել է: Երեխայի  բնակության վայրի  մասին որոշումը համապատասխանաբար կայացնում է երեխայի մշտական բնակության երկրի դատարանը:

Ի՞նչ անել եթե Ձեզ անհանգստացնում է առևանգման վախը

Երեխայի  առևանգումը  հաճախ  կատարվում է շատ անսպասելիորեն: Բայց  այն ծնողները, որոնք  ճաշակել  են իրենց  երեխայի առևանգման դառը փորձը, ասում են, որ  առևանգմանը կարող  են նախորդել  մի քանի ազդանշաներ:

  • փոխվում  է մյուս  ծնողի  վերաբերմունքը, օրինակ, հաճախակի  են դառնում վեճերը կապված երեխայի  դաստիարակության հետ.
  • ամուսնալուծությունը բարդ  է  եղել և կան տարաձայնություններ կապված երեխայի  խնամքի  և  շփվելու հետ.
  • մյուս  ծնողը  երեխայի հետ մեկ այլ երկիր  տեղափոխվելու ծրագրեր  ունի.
  • մյուս  ծնողը բացահայտ  սպառնում է, որ կառևանգի  երեխային:

Առևանգման սպառնալիքը  դեռ  չի նշականում, որ  առևանգումը տեղի  կունենա: Բայց  սա  Ձեզ  համար  վերջին ազդանշանն  է, որպեսզի ծանոթանաք «երեխայի առևանգում» հասկացությանը և այն կանխելու  ձևերին: Այնուամենայնիվ, իրավիճակը բարդանում է նրանով, որ յուրաքանչյուր  առևանգման դեպք  յուրօրինակ է: Ամուսնալուծության  դեպքում միշտ ավելի լավ է պայմանագիր  կնքել ծնողական իրավունքների կարգի վերաբերյալ կապված  երեխայի դաստիարակություն  հետ: Եթե Դուք  կասկածում եք, որ մյուս ծնողը  մտադիր  է երեխային  տանել երկրից առանց Ձեր թույլտվության,  Դուք կարող  եք  հայտ  ներկայացնել միգրացիոն  ծառայություն, որպեսզի արգելեք  երեխային երկրից  դուրս  հանելը:

Բացառությունները

Կոնվենցիան պահանջում է, որպեզի երեխային անհապաղ վերադարձնեն, սակայն, եթե մյուս ծնողը  կարողանա դատարանում ապացուցել բացառիկ դեպքերի գոյության փաստը, ապա դատարանը իրավունք ունի որոշում կայացնել երեխային չվերադարձնելու մասին: Այս բացառությունները լինում են հետևյալ դեպքերում, երբ`

  • փաստացի  խնամակալության իրավունքը  չի  իրականացվել, այսինքն հայտ ներկայացրած  ծնողը չի  կատարել ծնողական պարտականությունները (հոդված 13).
  • երեխային ֆիզիկական կամ հոգեբանական  վնաս հասցնելու  լուրջ  վտանգ կա կապված նրան վերադարձնելու հետ (հոդված 13).
  • երեխան դեմ է վերադարձնելուն և հասել է այնպիսի տարիքի և հասունության աստիճանի, որ նրա կարծիքը պետք է անպայման  հաշվի առնվի (հոդված 13).
  • առևանգման  պահից  անցել  է  ավելի քան մեկ տարի, և երեխան հարմարվել է նոր միջավայրին (հոդված 12).
  • երեխայի վերադարձը կարող է հանգեցնել մարդու իրավունքների և ազատության խախտմանը: (հոդված 20): Յուրաքանչյուր առանձին դեպքում առկա  են նմանատիպ իրավիճակներ,  ինչպես  նաև վերջնական որոշումը  կայացվում է միայն դատարանի կողմից:

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ երեխային պետք է  լսեն յուրաքանչյուր դատական ​​և վարչական վարույթի ժամանակ, տասը տարին լրացած երեխայի  կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, բացառությամբ, եթե դա հակասում է նրա շահերին:

Պետք է արդյո՞ք  գնալ պատասխան առևանգման

Երբեմն ծնողները, որոնց երեխային առևանգվել են, դիմում են նման հուսահատ քայլի, ինչպիսին է պատասխան առևանգումը: Սակայն, գործնականում, դա միայն դժվարացնում է խնդրի լուծումը, որին բախվել է ընտանիքը: Բացի այդ  շատ երկրներում երեխայի առևանգումը անօրինական է, և կարող  է իր  ազդեցությունն ունենալ վերադարձման  գործընթացի վրա: Պատասխան առևանգման փորձը վտանգում է  երեխային և շրջապատին. դատարանում խոչընդոտ  է  հանդիսանում գործի  հետագա  քննության ընթացքում:

Բացի  այդ  ոչ մի երաշխիք  չկա, որ սա  կլինի վերջինը  առևանգման շղթայում: Առևանգելով  երեխային Դուք  ստիպված կլինեք մշտապես թաքցնել  Ձեր գտնվելու  վայրը և ապրել նոր  առևանգման սպառնալիքով: Եվ,  վերջապես, Ձեր  գործողությունները  կարող  են լուրջ  հոգեբանական վնասի  հետևանք  ունենալ Ձեր երեխայի համար: Առաջացած խնդիրը արդեն իսկ վնաս  է  պատճառել նրան, պատասխան առևանգումը ավելի կբարդացնի առանց  այն էլ  դժվար  իրավիճակը, որում հայտնվել  է  Ձեր երեխան:

 

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով